«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Ամոթալին միայն այն էր, որ մի «ձեռք լվացող» չեղավ...»

«Ամոթալին միայն այն էր, որ մի «ձեռք լվացող» չեղավ...»
16.06.2009 | 00:00

ԼՈԻՅՍ ԵՆ ԸՆԾԱՅՎՈՒՄ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԱՆՏԻՊ ԳՈՐԾԵՐԸ
Գրողների միության և «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախաձեռնությամբ օրերս ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ երգիծաբան ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ «Սոցիալիզմի սահարա» գրքի շնորհանդեսը:
Գրական աշխարհում Լեռ Կամսարի մուտքն ընդունվել է ծափողջույններով։ Առաջին գրքերը` «Ազգային այբբենարան», «Անվավեր մեռելներ», դրական ու ջերմ արձագանք են գտել: Այս ամենին, սակայն, հաջորդում են հալածանքը, բանտն ու աքսորը: Նրան որակում են «տրոցկիստ», «նացիոնալիստ», «ահաբեկիչ», «ժողովրդի թշնամի»: Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքով` «խորհրդային վարչակարգի մղձավանջը, որ նա զգացել է իր մաշկի վրա, ոչ թե սոսկ քսանամյա կալանք ու աքսոր էր, այլ ամենօրյա գրական կենցաղ»: Խմբագիրները զգուշանում էին նրանից, մերժում տպագրել գործերը: Այդքանից հետո նա կարողանում է լույս ընծայել «Գրաբար մարդիկ» (1959), «Մարդը տանու շորերով» (1965) գրքերը: Վերջինս տպագրվում է կրճատումներով, հետո, այնուամենայնիվ, դրվում է կալանքի տակ: Այս գույժը ցնցում է գրողին և գամում անկողնուն: Գրքի ազդօրինակը նրան հասնում է մահից առաջ: «Արդեն ուշ է»,- ասում է գրողն ու աչքերը փակում: Նրա իսկական ժամանակը եկավ Հայաստանի անկախացումից հետո: 1988-ից առայսօր Լեռ Կամսարի մանրապատումները զարդարում են տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող մամուլի էջերը:
«ՈՒրիշ բան է ապրել մի հասարակարգում, հաշտվել այդ հասարակարգի պարտադրանքին, կեղծ կուռքերի ճնշմանը, գաղափարախոսությանը, այլ բան է, երբ ուղղակի համարձակ ձեռնոց ես նետում տիրող կարգերին: Նրա խոհագրություների երկու հատորները տպագրվել են, «Սոցիալիզմի սահարան» թվով երրորդն է, և դեռ վիթխարի նյութ կա, որ պիտի հրատարակվի»,- իր ելույթում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:
Լեռ Կամսարի թոռնուհին` Վանուհի Թովմասյանը, ընթերցեց պապի խոհագրություններից.
-«Ով Քրիստոս, դու երջանիկ ես ինձանից նրանով, որ ընդամենը մի քանի ժամ մնացիր խաչի վրա և մեռնելիս էլ հետդ տարար աջ ու ձախ կողմերում խաչված երկու ավազակներին։ Սովետական կառավարությունն ինձ քառասուն տարի խաչի վրա է պահում և իմ երկու կողմերում չի խաչել Լենինին ու Ստալինին, հետո դու իբրև հավատացյալ գոռացիր Աստծուն, որ քո հոգին շուտ տանի, ես որպես անհավատ ամաչում եմ Աստծուն դիմել, որ հոգիս ազատի» (1958թ.):
Լեռ Կամսարը, անշուշտ, պիտի խաչվեր, քանզի ճշմարտության տերը խաչն է` լլկված, հալածված, փշե պսակով։ «Ամոթալին միայն այն էր, որ մի «ձեռք լվացող» չեղավ,- նկատեց Վանուհին արցունքոտ աչքերով:- Ես չգիտեի, որ երբ արժեքավոր գիրք է գրվում, լույս ընծայվում, հեղինակին մեծարում են, շնորհանդես կազմակերպում: Ես գիտեի, որ երբ գրողը գիրք է գրում, ձեռքերը ոլորում են, տանում բանտ, աքսորում Սիբիր, կամ գրքի տպաքանակն այրում են, որ հեղինակը կաթվածահար լինի»։
Լեռ Կամսարի թոռնուհու հուզիչ ելույթը շնորհակալական խոսք էր` փոքր-ինչ ուշացած սիրո, ուշացած ազատության, վերածնված ճշմարտության, զուր չանցած տառապանքի համար` ի հեճուկս զրկանքների, աքսորավայրում ծնվելու, երջանիկ մանկություն չունենալու։ Հարկ չի լինի անվանի երգիծաբանի նման ասել` արդեն ուշ է։
Ճշմարտությունը, երգիծանքն ու տաղանդը ապրելու համար ժամանակ ու տարածություն չեն պահանջում: Սակայն գրողի տառապանքն ու նրա ապրած ժամանակը մտորելու առիթ են տալիս։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ